ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է «պարզապես կանգ առնեն» շփման գծերում, որտեղ նրանք ներկայումս գտնվում են։
Լրագրողների հարցին, թե արդյոք նա Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, որ Ուկրաինան պետք է ամբողջ Դոնբասը զիջի Ռուսաստանին, ԱՄՆ նախագահը հերքել է. «Թող ամեն ինչ բաժանվի այնպես, ինչպես կա։ Այն հիմա բաժանված է»։ «Կարծում եմ՝ տարածքի 78%-ը Ռուսաստանն արդեն զբաղեցրել է»։
Financial Times-ի աղբյուրները պնդել են, որ Թրամփը կոչ է արել Զելենսկուն ամբողջ Դոնբասը հանձնել Ռուսաստանին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում՝ Պուտինը «կոչնչացնի» Ուկրաինան։
Reuters-ն էլ հաղորդել է, որ ուրբաթ լարված հանդիպման ժամանակ Թրամփը, այնուամենայնիվ, կոչ է արել Զելենսկուն հանձնել որոշ տարածքներ Ռուսաստանին։ Գործակալությունը նաև հաղորդել է, որ Թրամփը հրաժարվել է Ուկրաինային Tomahawk հրթիռներ տրամադրել։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կիրակի երեկոյան լրագրողներին ասել է, որ նախագահը դեռ որոշում չի կայացրել։ Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը ուրբաթ խոսել է նաև և՛ Կիևին, և՛ Մոսկվային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին, ինչը շփոթեցրել է ուկրաինական պատվիրակությանը։