Գյումրու քաղաքապետարանն անժամկետ գործադուլ է հայտարարում: Այս մասին հայտնել է փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։
Չնայած փոխքաղաքապետի վերոնշյալ հայտարարությանը՝ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել, որում ասվում է, որ քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։
Հիշեցնենք՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները փորձել են խոչընդոտել իրավապահներին՝ Վարդան Ղուկասյանին դուրս բերել շենքից: Ոստիկանությունը տարածված հաղորդագրությամբ
զգուշացրել է, որ իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը Հայաստանի օրենսդրությամբ կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության։
Գյումրեցի որոշ պատգամավորներ և ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանը տեղեկացրել են, որ Գյումրու մանկապարտեզների դռները փակ են. զանգել են ծնողներին և ասել՝ եկեք երեխաներին տուն տարեք, որպեսզի աշխատակազմը իջնի հրապարակ։ Նման պարտադրանք, ըստ նրա, եղել է նաև երթուղայինի վարորդներին: Գյումրու կանգառներում կուտակումներ են, երթուղայիններ չկան:
Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով
նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես
1lurer.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին՝ քննվող վարույթի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանում իրականացվել են քննչական գործողություններ:
Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու մեղադրանքներով
ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանը:
Գյումրու քաղաքապետարանի մոտից ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է տեղափոխվել 23 անձ։