Նախորդ օրերին մամուլում հայտնվեց հեռախոսային ձայնագրություն, որը դարձավ հասարակության լայն շերտերի բուռն քննարկման առիթ։ Ցավում եմ շատ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և իմ հեռախոսազրույցը, որը պարունակում է անձնական և ընտանեկան հարցեր, շրջանառման նյութ է դարձել։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը:
«Չքննարկելով ձայնագրության իսկությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որը սակայն սպառիչ չէր ըստ արդյունքների, և շարունակվում են լրատվամիջոցների ու հազարավոր հավատացյալների հարցերն ուղղվել ինձ, որոնք համախմբելով ստացել եմ հետևյալ պատկերը.
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հարցերը քննարկող մարմնի ղեկավարի ուշադրությանը ներկայացված խիստ բարոյական, արժեհամակարգային և ինստիտուցիոնալ բնույթ կրող խնդրո առարկա նյութը նույն Կարգապահական մարմնում արդյո՞ք ընթացք ստացել է, թե ոչ։
- Եթե չի ստացել, ապա ինչո՞ւ։
- Եթե ստացել է, կա՞ արդյոք քննարկման և որոշումների մասին արձանագրություն, թե ոչ:
- Եվ եթե կա, ինչու՞ օրեր առաջ Տեղեկատվական համակարգը հղում չարեց այդ քննարկումներին և որոշումներին։
Այժմ խնդրանքս է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հայրերին և Եկեղեցու պատկան կառույցներին, որպեսզի, փոխանակ հետևելու և արձագանքներն ամբողջությամբ իմ վրա թողնելու, իրենք պատասխանեն հասարակությանը և հավատացյալներին հուզող հարցերին՝ զերծ պահելով նոր քննարկումներից ու տարընթերցումներից։
Աստված պահապան և օգնական մեր Մայր Հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն և հարազատ ժողովրդին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ օրերս
համացանցում էր հայտնվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին: Խոսակցության ընթացքում Աղան աբեղան արքեպիսկոպոսին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին: Խոսակցության առիթը, ինչպես հասկացվում է ձայնագրությունից, Աղան աբեղայի՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին դիմումն է:
Նշենք նաև, որ Քննչական կոմիտեից
«Լուրերին» հայտնել են, որ տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը: