Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումում ճանաչողական այցով հոկտեմբերի 8-ին հյուրընկալվել են «Հոգեբանությունը՝ որպես կանանց առաջնորդության հիմք» ծրագրի մասնակից աղջիկները: Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:
Ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է կառույցի գործունեությունը, պատմությունը, Պաշտպանի հիմնական գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը։

ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը մասնակիցներին ներկայացրել է կենտրոնի գործունեության ուղղությունները, Պաշտպանի կողմից կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը։
Անդրադարձ է կատարվել կանանց իրավունքների խախտումների կանխարգելման, բռնության դեպքերում աջակցության տրամադրման ընթացակարգերին։