Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում է հայտնվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրությունը, որը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին:
Երկու հոգևորականների զրույցի ձայնագրության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե։
1lurer.am-ին ՔԿ-ից հայտնում են, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Նշենք՝ խոսակցության ընթացքում Աղան աբեղան արքեպիսկոպոսին ասում է, որ կաթողիկոսն իրենից պահանջել է ընտանիքի հետ միասին մասնակցել հակաիշխանական ցույցերին:
Խոսակցության առիթը, ինչպես հասկացվում է ձայնագրությունից, Աղան աբեղայի դիմումն է՝ իրեն կարգալույծ հռչակելու մասին:
Աղան աբեղա Երնջակյանը համարում է, որ կաթողիկոսն իրեն ծառայության է ուղարկում Վանաձոր` իր ըմբոստության պատճառով: