Կադաստրի կոմիտեում տևական ժամանակ է՝ իրականացվում են թվայնացման աշխատանքներ: Քննարկումներ են եղել որոշակի գործիքակազմի ներդրմամբ հնարավորություն ստեղծել, որ ինքնաշխատ էլեկտրոնային համակարգի միջոցով որոշ պայմանագրերի տեսակներ հնարավոր լինեն ստորագրել ու ներկայացնել իրավունքի պետական գրանցման: Այս մասին ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Զեկուցողի խոսքով՝ ներկայում կան Կառավարության կողմից հաստատված պայմանագրերի տեսակներ, որոնք հնարավոր է կնքել Կադաստրի կոմիտեի գրասենյակներում և ներկայացնել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման:
Ներկայացնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխությունները՝ կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ անշարժ գույք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, մուտք գործելով էլեկտրոնային համակարգ և նույնականացվելով «Ես եմ»-ի միջոցով, կկարողանա մտնել իր անձնական գրասենյակ բաժինը: «Անձնական գրասենյակում տեղադրված կլինեն այն պայմանագրերը, որոնք քաղաքացիները կկարողանան ստորագրել էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ինչպես նաև մուտքագրել գնորդին վերաբերող տեղեկատվությունը, որի արդյունքում գնորդը եւս կկարողանա անհրաժեշտ գործողություն կատարել»,- ընդգծել է զեկուցողը:
Նշվել է, որ գնորդի կողմից էլեկտրոնային հարթակում առուվաճառքի պայմանագիրը ստորագրվելուց հետո այն կմուտքագրվի Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարան՝ որպես դիմում և կգրանցվի ինքնաշխատ եղանակով:
Ըստ Սուրեն Թովմասյանի՝ առաջարկվող կարգավորումները նախատեսվում է գործարկել մեկուկես տարի ժամկետով՝ նպատակ ունենալով մանրամասն թեստավորելու էլեկտրոնային համակարգերը:
Զեկուցողի խոսքով՝ նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները միտված են հեշտացնելու և արագացնելու գործարքները, կրճատելու դրանց իրականացման համար պահանջվող ծախսերը:
Սուրեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով ինքնակամ շինությունների հաշվառմանը, անշարժ գույքի վաճառքի գործարքներին, վարձակալական նոր պայմանագրերի կնքմանը և այլն:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 15-ի նիստում և ստացել դրական եզրակացություն: