Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկան պահպանելու համար:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությանը, նշել հանգամանքները, որոնք հանգեցրել են աղետին:
«Առաջինն այն է, որ երկնքում եղել է հենց ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մենք ուղեկցում էինք միանգամից երեք անօդաչու թռչող սարք, որոնք ողբերգության գիշերը հատել էին Ռուսաստանի Դաշնության սահմանը։ Երկրորդ պատճառը հենց Ռուսաստանի ՀՕՊ համակարգի տեխնիկական խափանումներն են»,- նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ արձակված հրթիռներն ուղղակիորեն չեն հարվածել ինքնաթիռին, այլ դրանց բեկորները:
Ալիևը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը՝ ինքնաթիռի աղետի հետ կապված իրավիճակն անձնական վերահսկողության տակ պահելու համար:
Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ հանդիպման ուղերձները դրական կընդունվեն երկու երկրի հասարակությունների կողմից: