Unity EURO Cup 2025-ը կանցկացվի Նիդերլանդներում՝ Նիդերլանդների թագավորական ֆուտբոլի ասոցիացիայի (KNVB) մարզաբազայում։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:
Մրցաշարին կմասնակցեն 18 թիմեր՝ ներկայացնելով Եվրոպայի տարբեր երկրներ՝ Ալբանիա, Հայաստան, Բելգիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Լատվիա, Լիխտենշտեյն, Մալթա, Նիդեռլանդներ, Հյուսիսային Իռլանդիա, Լեհաստան, Իռլանդիայի Հանրապետություն, Սլովենիա, Իսպանիա և Եվրոպական Միություն թիմը։
Unity EURO Cup-ը ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) համատեղ նախաձեռնությունն է՝ նպատակ ունենալով խթանել փախստականների ներգրավվածությունը սպորտում, զարգացնել ներառականությունն ու սոցիալական համերաշխությունը Եվրոպայի տարբեր համայնքներում։ Մրցաշարին մասնակցում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ աղջիկներ՝ ապահովելով հավասար հնարավորություններ և նպաստելով աղջիկների ֆուտբոլի զարգացմանը։
Ըստ մրցաշարի կանոնների՝ յուրաքանչյուր թիմում պարտադիր է առնվազն մեկ աղջկա ներկայությունը խաղադաշտում ամբողջ հանդիպման ընթացքում։ Նախորդ տարի Հայաստանը 16 երկրների շարքում գրավել է 5-րդ հորիզոնականը։