ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է ֆրանսիացի փորձագետներից կազմված պատվիրակությանը՝ Թիերի Ժիրարդի գլխավորությամբ: Քննարկել են «Հայաստանին աջակցության ծրագիր՝ ԵՄ-ի դիմակայության զարգացում, NDICI-GE ֆինանսավորում 2025–2027 թթ.» ծրագրի իրականացման ընթացքն ու հեռանկարները։ Ծրագրի հիմնական նպատակն աղետների ռիսկի կառավարման արդյունավետ, համապարփակ համակարգի ձևավորմամբ՝ դիմակայունության բարձրացումն է։
Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, Տիգրան Պետրոսյանն ընդգծել է միջազգային գործընկերության կարևորությունը՝ նշելով, որ Ֆրանսիայի նման փորձառու և պատրաստակամ գործընկերոջ աջակցությունը կնպաստի ՆԳՆ Փրկարար ծառայության կարողությունների և կամավորական փրկարարական համակարգի զարգացմանը։
Պատվիրակության ղեկավար Թիերի Ժիրարդն իր խոսքում բարձր է գնահատել աղետների ռիսկի նվազեցման, կանխարգելման և բնակչության պաշտպանության ուղղությամբ ՆԳՆ փրկարար ծառայության ջանքերը։
Հանդիպման ընթացքում Փրկարար ծառայության ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի ձևավորման, ճգնաժամային կառավարման, արձագանքման կազմակերպման, հոգեբանական աջակցության և բժշկական օգնության տրամադրման, քաղաքացիական պաշտպանության իրականացման, աղետների ռիսկի կանխարգելման և հետևանքների վերացմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ։
Աշխատանքային հանդիպումը կարևոր հարթակ էր գնահատելու կարողությունները, քննարկելու կամավորական փրկարարական համակարգի ինստիտուցիոնալացման, ինչպես նաև Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության և ազգային օրենսդրական ու ինստիտուցիոնալ շրջանակում Եվրոպական Միության կողմից աջակցվող ծրագրի գործողությունների ինտեգրման հնարավորությունները։
Քննարկվել են նաև ծրագրի առաջնահերթ ուղղությունները՝ ներառյալ համայնքային և ազգային մակարդակներում ռիսկերի գնահատման բարելավման, մասնագիտական և կամավոր կարողությունների զարգացման, հանրային իրազեկման և պատրաստվածության ամրապնդմանն ուղղված հարցեր։
Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը, որի հիմնական նպատակը Հայաստանում արագ արձագանքման և աղետների հետևանքների վերացման առավել պատրաստ և դիմակայուն համակարգ ստեղծելն է։