ԱՄՆ ազգային գվարդիայի զորքերը ժամանել են Չիկագոյի արվարձաններ, Իլինոյս նահանգ, չնայած տեղական իշխանությունների բողոքներին, հաղորդել է The Chicago Tribune-ը։
ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը երեքշաբթի X սոցիալական ցանցում հայտնել է, որ մեկնում է Չիկագո, ու վստահեցրել, որ քաղաքը «կփրկվի»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր կայացրել ազգային գվարդիայի 300 զինծառայողի ներգրավել Չիկագոյում կարգուկանոն հաստատելու համար:
Իլինոյսի նահանգապետ, դեմոկրատ Ջեյ Պրիցկերը խիստ քննադատության է ենթարկել նախագահի որոշումը: Նահանգապետի կարծիքով՝ տեղական իշխանությունները կարող են Չիկագոյում ապահովել անվտանգությունն առանց ազգային գվարդիայի մասնակցության։
ԱՄՆ ազգային գվարդիան զինված ուժերի պահեստային ուժ է, որին ներգրավում են ներքին արտակարգ իրավիճակներում՝ բնական աղետների հետևանքների վերացման, տարհանումների կամ անկարգությունների ճնշման համար։