ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու Մարզուքն «Ալ Ջազիրայի» հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ խմբավորումը չի զինաթափվի, քանի դեռ չի ավարտվել Իսրայելի «օկուպացիան»։
Նա հավելել է, որ Գազայի ապագայի հետ կապված հարցերը պետք է քննարկվեն համապարփակ պաղեստինյան ազգային ձևաչափում, որի մասնակիցը կլինի նաև Համասը։
Պաշտոնյան նշել է, որ խմբավորումը պատրաստ է իրեն և իր զինված ուժերին վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ բանակցություններին։
Ուրբաթ ուշ երեկոյան ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի պատերազմի դադարեցման ծրագրի որոշ դրույթներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը: Խմբավորումը, սակայն, խուսափել է մեկնաբանել ավելի բարդ հարցեր, ինչպիսիք են զինաթափումը, և նշել, որ կձգտի շարունակել բանակցությունները։
Թրամփն արձագանքել է՝ ասելով, որ Համասի հայտարարությունը ցույց է տալիս, որ այն «պատրաստ է կայուն խաղաղության»։
Նա հավելել է. «Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի ռմբակոծումը, որպեսզի կարողանանք պատանդներին անվտանգ և արագ դուրս բերել։ Ներկայում դա չափազանց վտանգավոր է։ Մենք արդեն քննարկում ենք մանրամասները։ Խոսքը միայն Գազայի մասին չէ, այլ վաղուց փնտրվող Միջին արևելքի խաղաղության մասին»։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ Համասին մինչև կիրակի վերջնաժամկետ էր տվել՝ իր պլանին արձագանքելու համար: Միջազգային հանրությունն արդեն դրական է արձագանքել ՀԱՄԱՍ-ի հայտարարությանը:
Այն ողջունել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտանիու Գուտերեշը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի, Ավստրիալիայի, Իտալիայի, Գերմանիայի վարչապետները, Կոլումբիայի, Թուրքիայի նախագահները, Կատարի և Եգիպտոսի արտգործնախարարությունները, Իսրայելի ընդդիմությունը:
Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ արդեն սկսել է գերիների ազատմանը վերաբերող՝ Թրամփի նախագծի առաջին հատվածի իրագործման նախապատրաստումը: