Ընդերքի ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Այն գիտելիքը, որն ունենք մեր ընդերքի վերաբերյալ, հիմնված է Խորհրդային Միության ժամանակ կուտակված տեղեկատվության վրա: Այն ժամանակ ահռելի աշխատանք է արվել, և դա որևէ կերպ չի կարելի թերագնահատել, բայց ընդերքի ուսումնասիրության տեխնոլոգիաները փոխվել են, և հիմա շատ ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ կան: Այդ մասին Ծաղկաձորում մեկնարկած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս համատեքստում վարչապետն ընդգծեց՝ միջազգային գործընկերների հետ պետք է քննարկել Հայաստանի տարածքում օգտակար հանածոների պաշարների հայտնաբերման, ուսումնասիրման նոր շրջափուլ սկսելու հարցը:
«Հիմա նոր ոլորտներ են բացվում, այդ թվում՝ հազվագյուտ մետաղների ոլորտը, որը շատ մեծ տեմպերով զարգանում է, կամ, առնվազն, շատ մեծ տեմպերով հետաքրքրությունն է աճում [վերջինիս նկատմամբ]: Աստեղ ֆիզիկական ծավալների առումով գուցե թե մեծ չէ, մեծ չի կարող լինել կամ մեծ չի լինի արդյունահանումը, բայց պահանջարկը և տեխնոլոգիական արտադրանքում դրանց (հազվագյուտ մետաղների-խմբ.) անհրաժեշտությունն ակնհայտ է դարձնում, որ այստեղ էլ լրջագույն ներդրումների պոտենցիալ կա: Կարծես թե բոլոր նախնական գնահատականները վկայում են այն մասին, որ ՀՀ-ում այս առումով հսկայական անելիք կա»,- ասաց նա:
Հեղափոխությունից հետո, ըստ Փաշինյանի, տրամադրվածությունն այն էր, որ այս ոլորտում պետք է շատ արագ արդյունքների հասնել նաև շրջակա միջավայրի ստանդարտների բերումով, բայց ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ կան ոլորտներ, որտեղ արագ արդյունքի հասնել ուղղակի հնարավոր չէ:
«Եթե ամբողջ հանրապետությունը գործը թողնի ու զբաղվի միայն դրանով, միևնույն է, արագ արդյունքի հասնել հնարավոր չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որտեղ պետք է աշխատել հետևողականորեն, և այդ հետևողականությունն է, որ բերելու է արդյունքի: