Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի՝ այսօրվա արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն է:
Այն խորհրդարանական ամբիոնից ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Ընդդիմությունը չմասնակցեց հայտարարության նախագծի քննարկմանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը շնորհակալություն հայտնեց Կոնջորյանին նախաձեռնողականության և նախագիծը նախաձեռնելու համար:
ԱԺ արտահերթ նիստում քիչ առաջ քվեարկության դրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը ընդունելու մասին հարցը:
Այն ընդունվեց կողմ՝ 64, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2 ձայներով: Պատգամավորները ծափերով ողջունեցին որոշման ընդունումը:
«Որոշումն ընդունվել է, շնորհակալություն, և բոլորիդ լավ օր եմ մաղթում»,- ասաց Հակոբ Արշակյանը: