Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է: Այն խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նրա խոսքով՝ հայ ժողովրդի, առաջին հերթին Հայաստանի ժողովրդի կենսագործունեության, խաղաղ գոյության, բարգավաճման ամենագլխավոր նախապայմանը խաղաղությունն է, որը հնարավորություն է տալիս ՀՀ-ին և Հայաստանի ժողովրդին ապրելու սեփական հայրենիքում, զերծ լինելու կոնֆլիկտից, կոնֆլիկտի վախից ու անընդհատ ապրելու պատերազմի պայմանների մեջ, հնարավորություն ունենալու տնտեսական զարգացման՝ բաց սահմաններով, հարևանների հետ խաղաղ գոյակցության, հնարավորություն ունենալու ճամփորդելով բացել խաղաղ համակեցության դարաշրջան Հայաստանի ժողովրդի և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար:
«Սա ՀՀ ժողովրդի գլխավոր շահն է: Խաղաղությունը ՀՀ ժողովրդի և Հայաստանի պետության գլխավոր շահն է: Այ թե ինչու խաղաղությունը՝ գլխավոր շահը, չի համընկնում «Հայաստան» դաշինքի և խորհրդարանական ընդդիմության շահի հետ, դա բոլորովին այլ հարց է»,- հայտարարեց Կոնջորյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որը վերաբերում էր «Հայաստան» խմբակցության՝ քիչ առաջ տարածած հայտարարությանն առ այն, որ «այն չի համապատասխանում իրավական, քաղաքական և Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության նվազագույն պահանջներին»:
«Այս հայտարարությունն ամբողջությամբ իրավական է, ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի չափանիշներին համապատասխան: Սա առաջին»,- պատասխանելով հարցին՝ ասաց Կոնջորյանը՝ բերելով խաղաղության գլխավոր փաստարկը:
Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին 1 տարի 7 ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից:
«Սա խաղաղության ամենամեծ կռվանն է»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում էր խնդրել նախորդ քվեարկության համար, սակայն դահլիճ չէր վերադարձել՝ մասնակցելու արտահերթ նիստին: