«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնության հեղինակը Կառավարությունն է: Այն առաջին ընթերցմամբ սեպտեմբերի 30-ի ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:
Զեկուցողի խոսքով նախագծի մշակումը պայմանավորված է «Մաքսային վճարների միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը միտված է մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվառման և մարման ընթացակարգերի թվայնացմանը, մաքսային մարմինների կողմից եկամուտների հավաքագրման և մաքսային գործառնությունների արդյունավետության բարձրացմանը:
«Նշված համակարգի ներդրմամբ ակնկալվում է ունենալ առաջընթաց տնտեսավարողների կողմից մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակի, ռեսուրսի խնայողության, մաքսային պարտավորությունների վճարման ավտոմատացման շնորհիվ դրանց կատարման ուշացման ռիսկերի կառավարման, ավտոմատ բացթողնման ծավալի մեծացման, տնտեսավարողների համար իրենց միջոցների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման, մաքսային մարմինների կողմից եկամուտների հավաքագրելիության ապահովման և մի շարք այլ հարցերի մասով»,- ընդգծել է կոմիտեի նախագահի տեղակալը և հավելել, որ այսօր պարտավորությունների հաշվառումն իրականացվում է միայն ըստ հարկատեսակների: Փոփոխություններով նախատեսվում է հաշվառումն իրականացնել և՛ ըստ հարկատեսակների, և՛ ըստ մաքսային հայտարարագրերի:
Նշվել է, որ գործող կարգավորումներով պարտավորությունների մարման նպատակով տնտեսավարողները վճարումներ են իրականացնում շուրջ 40 գանձապետական հաշիվներին, որտեղ խնդիրներ են առաջանում սխալ փոխանցումների կամ միջնորդավճարների մասով: Նախատեսվող փոփոխություններով կգործի մեկ միասնական հաշիվ, որից ավտոմատ կիրականացվեն պարտավորությունների մարումները:
Համլետ Սահակյանը տեղեկացրել է, որ գերավճարների հետստացման համար տնտեսավարողներն այսօր ներկայացնում են թղթային եղանակով դիմումներ: Նախաձեռնության ընդունումից հետո այդ գործընթացը եւս կիրականացվի ավտոմատ՝ էլետրոնային դիմումների հիման վրա:
Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորը կարևորել է նախագծի ընդունումը և կոչ արել կողմ քվեարկել: