Օրեգոն նահանգի և նրա ամենաբնակեցված Պորտլենդ քաղաքի իշխանությունները սեպտեմբերի 28-ին դատական հայց են ներկայացրել ԱՄՆ իշխանությունների դեմ: Հայցվորները պնդում են, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գերազանցել է իր լիազորությունները՝ կարգադրելով Օրեգոնի ազգային գվարդիան ներգրավել դաշնային ծառայությունում՝ ի պատասխան անկարգությունների:
«Այս քայլը խախտում է երկրի Սահմանադրության սկզբունքները»,- հայտարարել են նահանգն ու քաղաքը ներկայացնող իրավաբանները: «Չնպաստելով հասարակական անվտանգությանը՝ պատասխանողների սադրիչ և կամայական գործողությունները սպառնում են խաթարել այն՝ հրահրելով հանրային բողոք»,- ասվում է հայցում:
Փաստաթղթում պատասխանողների թվում են երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը և համապատասխան գերատեսչությունները: Նույն օրն ավելի վաղ պաշտպանության նախարարը հրապարակել է հուշագիր, որում հայտարարել էր, որ Օրեգոնի ազգային գվարդիայի 200 զինծառայող «անմիջապես կզորակոչվի դաշնային ծառայություն 60 օր ժամկետով»:
Սպիտակ տանը հայտարարել են, որ Թրամփի որոշումը քաղաքն ավելի անվտանգ կդարձնի: Պորտլենդում իրավապահ ուժերը ենթարկվել են հարձակումների, իսկ նրանց անձնական տվյալները հայտնվել են համացանցում առանց թույլտվության, նշել է պետության ղեկավարի վարչակազմի ներկայացուցիչը: