Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի շրջանակներում՝ ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ փակ հանդիպման ժամանակ, խնդրել է նրան Կիևին տրամադրել հեռահար Tomahawk հրթիռներ` հաղորդում է բրիտանական
The Telegraph թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Զելենսկին Թրամփին հայտնել է, որ Tomahawk հրթիռները «կօգնեն համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցային սեղանի շուրջ՝ խաղաղության համաձայնագիրը քննարկելու համար»` գրում է աղբյուրը։ Ըստ թերթի՝ նախագահների այդ հանդիպումը «չափազանց դրական» է եղել, սակայն մանրամասներ չեն հաղորդվել, թե Թրամփը ինչպես է արձագանքել Զելենսկու հարցմանը։
Axios լրատվամիջոցի հետ հարցազրույցում Զելենսկին նշել է, որ Թրամփը հետևյալ պատասխանն է տվել․ «Մենք կաշխատենք այդ ուղղությամբ»։
The Telegraph-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի գործընկերներին հայտնել է, որ Թրամփի՝ վերջին շրջանում Ուկրաինայի նկատմամբ տոնայնության փոփոխությունը պետք է դիտարկել « որքան հնարավոր է դրական»։ Ռուբիոյի խոսքով՝ ԱՄՆ նախագահը «չափազանց դժգոհ է Պուտինից՝ պատերազմն ավարտին հասցնելու իր փորձերի անտեսման համար»։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը նախկինում մերժել է Զելենսկու խնդրանքը Ուկրաինային Tomahawk հրթիռներ տրամադրելու վերաբերյալ։ Այդ ժամանակ Վաշինգտոնի վարչակազմը համարել է, որ նման հրթիռների տրամադրումը չափազանց ռիսկային է, քանի որ դրանք տեսականորեն կարող են հասնել Մոսկվա և, ամենայն հավանականությամբ, կարող են շրջանցել Ռուսաստանի ամենաառաջադեմ ՀՕՊ համակարգերը, ինչը կարող էր բերել հակամարտության էսկալացիայի։
Tomahawk հրթիռների թռիչքի հեռավորությունը, կախված մոդիֆիկացիայից, հասնում է մինչև 5500 կիլոմետրի։ ԱՄՆ-ը 2024 թվականին Ուկրաինային տրամադրել է ATACMS հրթիռներ, որոնց առավելագույն հեռահարությունը հասնում է մինչև 300 կիլոմետրի։