ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանին առաջարկել են Ուկրաինայի հետ բարձր մակարդակի հանդիպում անցկացնել Ղազախստանում:
РБК ռադիոյի եթերում Պեսկովը նշել է, որ ուկրաինացիները «մեծ քանակությամբ առաջարկներ են տարածում», և նախքան Ղազախստանի մասին խոսելը, նշել են երկրներ, որոնք «բացարձակապես անընդունելի են» Ռուսաստանի համար՝ որպես հանդիպման վայր: Պեսկովը որպես օրինակ է բերել Շվեյցարիան և Ավստրիան, որոնք «փաստացի այլևս չեզոք չեն»:
Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջադրել է Մոսկվայում նման բանակցություններ կազմակերպելու գաղափարը։