ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին, որի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ:
«Խորին ցավակցություններս Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի, ոստիկան Կարեն Աբրահամյանի հարազատներին և ընկերներին:
Տեղի ունեցածը սարսափելի է ու զարհուրելի: Իրավապահները պետք է մաքսիմալ սեղմ ժամկետներում հայտնաբերեն սպանությանն առնչություն ունեցող բոլոր ստահակներին»,- գրել է Ալեքսանյանը:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ևս անդրադարձել է դեպքին և գրել.
«Սարսափելի է լսել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության մասին լուրը։
Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին։ Սպանությունը պետք է բացահայտվի, մեղավորները արժանանան խիստ պատժի»։
Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ
քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել են Փարաքարի համայնքապետն ու ևս մեկ անձ: Մեկ անձ վիրավոր է:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը
քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։