Հարյուրավոր պետական ծառայողներ, որոնք ԱՄՆ-ում կորցրել են աշխատանքը Իլոն Մասկի՝ ծախսերի կրճատման արշավի ընթացքում, ստացել են պաշտոնում վերականգնվելու առաջարկ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Աղբյուրի տվյալով՝ պետական գնումները վերահսկող ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչությունը (GSA), մինչև շաբաթվա վերջ ժամանակ է տվել նախկին պետական ծառայողներին՝ պաշտոնում վերականգնվելու մասին որոշում կայացնելու համար: Նրանք, ովքեր կհամաձայնեն, կվերադառնան աշխատանքի հոկտեմբերի 6-ին՝ յոթամսյա վճարովի արձակուրդից հետո։
AP-ի տեղեկատվության համաձայն՝ ավելի վաղ աշխատանքից ազատված աշխատակիցների մի մասը վերադառնում է իր պարտականություններին նաև այլ գերատեսչություններում:
Associated Press-ը հիշեցրել է, որ մարտից սկսած GSA-ի հազարավոր աշխատակիցներ լքել են գործակալությունը այն ծրագրերի շրջանակներում, որոնք խրախուսում էին նրանց հրաժարական տալ կամ վաղաժամկետ թոշակի անցնել: Հարյուրավորներ էլ աշխատանքից հեռացվել են Մասկի քարոզարշավի շրջանակներում: