ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարությունները Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ արվել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո և, ըստ երևույթին, «նրա տեսլականի ազդեցության տակ», պնդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ տեսլականը լիովին հակասում է մեր պատկերացումներին ներկա իրավիճակի վերաբերյալ»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
«Այն փաստը, որ նրանք ամեն կերպ փորձում են խրախուսել Ուկրաինային շարունակելու ռազմական գործողությունները, այն գաղափարը, որ Ուկրաինան կարող է ինչ-որ բան վերադարձնել, մեր կարծիքով, կեղծ թեզ է»,- պնդել է Պեսկովը։
Նախօրեին Դոնալդ Թրամփը, որը նախկինում Կիևից տարածքային զիջումներ է ակնկալել, հայտարարել է, որ Ուկրաինան կարող է վերադարձնել կորցրած տարածքները Եվրամիության օգնությամբ: Ռուսաստանին նա քննադատել է «աննպատակ» երկարատև պատերազմի համար և երկիրն անվանել «թղթե վագր»։ Այդ հայտարարություններն արվել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Վոլոդիմիր Զելենսկու հետ նրա կարճատև հանդիպումից հետո: