Կոլումբիայի Հանրապետության նախաձեռնությամբ կազմակերպված «Դիմակայուն ապագայի բացում․ կլիմայի և բնության համադրությունը COP30-ի ճանապարհին» խորագրով նախարարական բարձր մակարդակի քննարկումից հետո ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն առանձնազրույց է ունեցել Կոլումբիայի COP16 նախագահ տիկին Իռենե Վելեսի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է նախարարը:
«Քննարկման ընթացքում անդրադարձանք 2024 թվականին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) անցկացման փորձին՝ դիտարկելով դրա կիրառելիությունը Երևանում հաջորդ տարի կայանալիք COP17-ի նախապատրաստական և կազմակերպչական գործընթացներում։
Տիկին Վելեսի հետ շեշտեցինք, որ կարևորագույն ուղղություններից մեկը պետք է լինի համաժողովի առավելագույն ներառականության ապահովումը․ քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավում, տեղական համայնքների և բնիկ ժողովուրդների մասնակցության երաշխավորում, ինչպես նաև թափանցիկության ու հաշվետվողականության մեխանիզմների ամրապնդում։ Այս ամենը հնարավորություն կտա համաժողովը վերածել իրական հարթակի, որտեղ կհնչեն բազմազան ձայներ և կձևավորվեն համատեղ լուծումներ։
Համաձայնեցինք շարունակել սերտ համագործակցությունը՝ նպատակ ունենալով Երևանում իրականացնել բարձր միջազգային չափանիշներին համապատասխան, ազդեցիկ և բաց օրակարգ ունեցող համաժողով, որը կնպաստի կենսաբազմազանության պահպանության համաշխարհային ջանքերի ամրապնդմանը»,- ասված է գրառման մեջ։