«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և վերահսկող հանձնաժողովի ընտրությունների հետ կապված մամուլում տարածվող սուտն ու զրպարտությունը այն աստիճան են կտրված իրականությունից, որ նույնիսկ ծիծաղ չեն առաջացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կուսակցության վարչության անդամ Վահագն Ալեքսանյանը։
«ՔՊ վարչության և վերահսկողի քվեարկության ու հաշվարկի ամեն մի վայրկյանը եղել է ուղիղ եթերում։ Քվեատուփից դուրս եկած յուրաքանչյուր քվեաթերթիկ ցույց է տրվել ուղիղ եթերում։
Քիչ հետո էլ նախատեսվածի պես սքաներով հաշվարկից հետո կիրականցվի քվեաթերթիկների մանուալ (ձեռքով) հաշվարկ, որը ևս ընթանում է ուղիղ եթերում։
Թե ինչպե՞ս էր կարելի այսպիսի թափանցիկությունից հետո Գյուլնազ տատի հեքիաթների ժանրում ստեղծագործություններ գրել, չեմ հասկանում»,-նշել է նա։
Ավելի ուշ Ալեքսանյանը ևս մեկ գրառում է կատարել, որում ասվում է․ «Այ այսպես է լինում, երբ որոշում են, որ պիտի Գյուլնազ տատի հեքիաթները ճշտի տեղ սղացնեն։
«Հրապարակ» թերթը վերցրել է ՔՊ վարչության ընտրություններում Նիկոլ Փաշինյանի հավաքած ձայները շրջանակի մեջ, հետո դրանք համեմատել ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ընտրություններում նրա ստացած ձայների հետ, գտել տարբերություն և եզակի ու նախանձելի ինքնավստահ չիմացությամբ պնդում է, որ դա կեղծիքի վկայություն է։ Այնինչ Վարչության և Վարչության նախագահի ընտրությունները դրանք ՏԱՐԲԵՐ ընտրություններ են, և շատ նորմալ է դրանցում նույն մարդը կարող է տարբեր քանակով ձայներ ստանալ։
Ահա այսպես է լինում, երբ փորձում են վիրավորել ընթերցողի բանականությունը»։
Ավելի վաղ կուսակցությունից հայտնել են, որ ՔՊ վարչության, վարչության նախագահի, վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։
Ներկայումս, նախատեսված կարգով, նախնական արդյունքներն արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ։