Կանադան և Մեքսիկան ձգտում են ավելի սերտ տնտեսական կապեր հաստատել Միացյալ Նահանգներից բխող առևտրային անորոշության պայմաններում։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հինգշաբթի հանդիպման ժամանակ խոստացել են ամրապնդել առևտրային հարաբերությունները՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերի սպառնալիքների ֆոնին։
Բանակցությունների առանցքային կետը եղել է ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա առևտրային համաձայնագիրը (USMCA), որը ենթակա է վերանայման 2026 թվականին։ Տասնամյակներ շարունակ ազատ առևտուրը երեք երկրի միջև միահյուսել է նրանց տնտեսությունները. Կանադայի արտահանման ավելի քան 75%-ը և Մեքսիկայի՝ ավելի քան 80%-ն ուղղվում է Միացյալ Նահանգներ։
Շեյնբաումը հստակեցրել է, որ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ավելացնել ծովային բեռնափոխադրումները, ինչը թույլ կտա խուսափել ապրանքների տարանցումից Միացյալ Նահանգներով:
Մեքսիկան Կանադայի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է Միացյալ Նահանգներից և Չինաստանից հետո, իսկ անցյալ տարի Կանադան դարձել է Մեքսիկայի հինգերորդ խոշորագույն առևտրային գործընկերը։