Իսրայելի վարչապետը չի բացառել ՀԱՄԱՍ-ի ղեկավարների դեմ ուղղված հարվածների հնարավորությունը նաև այլ երկրների տարածքում: «Այն սկզբունքը, որ ահաբեկիչները չպետք է անձեռնմխելիություն ունենան, որտեղ էլ որ լինեն, ես չեմ սահմանել», - նշել է Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նեթանյահուի խոսքով՝ Կատարում իրականացված հարձակման հիմնական արդյունքն ուղերձն էր Իսրայելի բոլոր թշնամիներին: Դուք կարող եք փախչել, բայց չեք կարող թաքնվել, շեշտել է Նեթանյահուն։
Մարկո Ռուբիոյին հարց են ուղղել Միացյալ Նահանգների դաշնակիցների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման մասին: Դա, ըստ պետքարտուղարի, «մեծ մասամբ խորհրդանշական» քայլ է, որը կատարվում է «ներքին քաղաքական» պատճառներով։ Ըստ Ռուբիոյի՝ նման քայլերը ՀԱՄԱՍ-ին ավելի համարձակ են դարձնում, ինչը խոչընդոտում է խաղաղությանը։
Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարված էր հասցրել Կատարի մայրաքաղաքին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը՝ սպանելով շարժման հինգ անդամի և Կատարի ներքին անվտանգության ուժերի մեկ անդամի: Իսրայել այցից առաջ Ռուբիոն հայտարարել էր, որ չնայած նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Կատարին Իսրայելի հարվածից, սակայն դա չի փոխի հրեական պետության հետ հարաբերությունների բնույթը:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան