Բնապահպանության ոլորտում մենք ունենում ենք խնդիրներ հիմնականում ձմռան ամիսներին, որի ընթացքում օդի աղտոտվածության ցուցանիշները բավականին մտահոգիչ են դառնում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Որքան էլ մեզ տաք ամիսներին թվում է, թե փոշին շատ է, բայց իրականում 168 սարքերը, որ ցույց են տալիս օդի որակը քաղաքով մեկ, մեզ ցույց են տալիս, որ հիմնական խնդիրը ձմռան ամիսներին է: Ամռան ամիսներին, գարնանը և վաղ աշնանը մենք նմանատիպ խնդիր չունենք: Օդի որակը հիմնականում տատանվում է լավ շրջակայքում, այսինքն՝ խնդրահարույց որևէ բան չունենք: Իսկ ձմռան ամիսներին խնդիրն ունենալու պայմաններում մենք նախաձեռնել ենք քառամյա ծրագիր, որը հիմնական վերաբերելու է հանքարդյունաբերությանը, շինարարության նկատմամբ որոշակի հավելյալ բնապահպանական սահմանափակումներին, վերաբերելու է քաղաքաշինության ոլորտին, որտեղ ապագայում կառուցվելիք շենքերին և համալիրներին պարտադրվելու է ոչ թե վերացական կանաչ տարածք, այլ կոնկրետ ծառատեսակներ՝ ըստ իրենց կառուցվող քառակուսի մետրերի»,- նշեց Տիգրան Ավինյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Նուբարաշենի խճուղու հարևանությամբ մինչև տարեվերջ կմեկնարկեն անտառտնկման աշխատանքները՝ մոտ 8.5 հա տարածքում:
«Այս տարի ամփոփել ենք Դալմայի համայնքային զբոսայգու հիմնման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը: Խոսքը մոտավորապես 250 հա տարածքի մասին է, որտեղ արդեն իսկ ունենք տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և ԱԶԲ-ի հետ համագործակցության շրջանակներում պատրաստել ենք հայեցակարգը և ներկայացրել Ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»,- ասաց Ավինյանը:
Երևանի քաղաքապետը ավելացրեց. «Հրազդանի կիրճում ունենք խոշոր կոյուղու կոլեկտորի կառուցման նախագիծ, և այս տարի ավարտել ենք երկու աղբահավաք կայանների կառուցումը Հրազդան գետի և մեկ մաքրման կայանի կառուցումը Գետառի վրա, որը եռափուլ մաքրում է իրականացնում Գետառում»:
Ավինյանի խոսքով՝ կանաչապատման ոլորտում վերջին տարիների ընթացքում 50 հա-ից ավելի կանաչապատ տարածքներ են ստեղծվել քաղաքում՝ բոլորը ոռոգման համակարգերով: «Այս տարի միայն մոտ 25 կմ երկարությամբ ոռոգման համակարգեր ենք կառուցել: Դավթաշենում, Նոր Նորքում ստեղծել ենք քաղաքային ուրբան անտառ, և ունենք Նորք-Մարաշում, և Ուսանողական այգու վերականգնման աշխատանքներ, որոնք այս տարի շարունակում ենք, հաջորդիվ պլանավորում ենք Լվովյան փողոցի մոտ գտնվող շուրջ 35 հա տարածքում նույնպես ուրբան անտառի տնկման աշխատանքներ իրականացնել: Մի շարք վարչական շրջաններում ավարտել ենք կանաչ տարածքների քարտեզագրման աշխատանքները»,- նշեց նա: