Սիլիվրի բանտի դատարանում տեղի է ունեցել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատական գործի առաջին լսումը: Մեղադրող կողմը պահանջել է 2 տարի 6 ամսից մինչև 8 տարի 9 ամիս ազատազրկում և քաղաքական գործունեության արգելք։
2025 թվականի մարտին Ստամբուլի համալսարանը չեղյալ է հայտարարել Իմամօղլուի դիպլոմը՝ նրան մեղադրելով Բարձրագույն կրթության խորհրդի (YÖK) կանոնակարգը խախտելու համար՝ 1990 թվականին Հյուսիսային Կիպրոսի մասնավոր համալսարանից (Girne American University) Ստամբուլի համալսարան տեղափոխվելիս:
Մեղադրող կողմը պնդել է, որ Իմամօղլուն խաբեությամբ ձեռք բերված փաստաթղթերն օգտագործել է Ստամբուլի համալսարանում կրթությունը շարունակելու համար, որտեղ էլ ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ հետագայում այդ դիպլոմը ներկայացրել է պաշտպանության նախարարություն՝ զինվորական ծառայության և Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ընտրություններին գրանցվելու համար։
Իմամօղլուն չի ընդունել իր՝ իբր կեղծ բարձրագույն կրթության դիպլոմի գործով մեղադրանքը և հայտարարել է, որ կապ չունի այդ նախաքննության հետ: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, ուրբաթ կայացած առաջին դատական նիստի ժամանակ Իմամօղլուն հայտարարել է, որ բարձրագույն կրթություն է ստացել, իսկ իր դատական գործն անվանել է «խայտառակություն և անհեթեթություն»: