Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին առնչվող միջադեպի վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե ինչու է նա անպատասխան թողել Թովմասյանի նամակը:
«Դե, հիմա էլ մյուս պատգամավորը գրություն ուղարկի, հետո՝ մյուսը... ԱԺ նախագահին ներքաշել այդ խոսակցության մեջ, կարծում եմ՝ ճիշտ չէ: Իմ դիրքորոշումը հետևյալն է. այստեղ ես գործողությունների հերթականություն չեմ տեսնում, այսինքն՝ չգիտեմ՝ ինչ պետք է անեմ: Լուրջ չեմ համարում ԱԺ պատգամավորին որևիցե տեսակի ստուգման ենթարկելը, որովհետև, նախ, դրա իրավունքը օրենսդրությամբ չունեմ, երկրորդ՝ դա չեմ համարում ճիշտ աշխատելաոճ:
Ճիշտ աշխատելաոճ չեմ համարում նաև այն, ինչ տեղի ունեցավ: Ես բոլոր տեսակի խժդժություններին, իրար հանդեպ անհարգալից վերաբերմունքին, իրար վիրավորելուն, այդ թվում՝ իմ կողմից դրսևորված, շատ վատ եմ վերաբերվում և ինքս ինձ էլ հաճախ դատապարտում եմ, ասում եմ՝ Ալե՛ն, այդ բանը պետք է չանեիր, սխալ ես արել»,- նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ գտնվում ես խորհրդարանում: