Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն կողմ եմ: Այս ուղղությամբ աշխատանքներ իրականացրել ենք, և ընդդիմության մեր գործընկերների հետ շատ կառուցողական քննարկման եմ մասնակցել, արտագնա հանդիպումներ են եղել: Կարծում եմ՝ մենք այդ հանձնաժողովը կստեղծենք արդեն առաջիկայում, և դա չի անդրադառնա, բնականաբար, եղած դեպքերին: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
«Ցավոք, մինչ այս պահը նախաձեռնված հանձնաժողովներն ավելի շատ քաղաքական շահարկման բնույթ են կրել: Ես ցավով եմ ասում, որ կան դեպքեր, որոնք իսկապես պետք է քննարկվեն այդ հանձնաժողովներում, բայց այս պահին ես վստահ եմ, որ ընդդիմությունը պարզապես դա որպես հարց շահարկելու է:
Ինչ վերաբերում է առաջիկային, մենք այնպիսի նախագիծ ենք մշակել, որ այդ հանձնաժողովը ժամանակավոր սկզբունքով չաշխատի, այլ լինի մշտական»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին և ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին առնչվող միջադեպին, ապա Զարուհի Բաթոյանն ընդգծեց, որ երկու պատգամավորի ասածին էլ վատ է վերաբերվում, ինչպես նաև անընդունելի է համարում նման արտահայտությունները:
«Կարծում եմ, որ նման հրապարակումները, հանրային խոսքը, քաղաքական խոսքը քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենան, և այդ իմաստով ես իսկապես ցավում եմ, որ տիկին Թովմասյանի սադրանքներին պարոն Հովհաննիսյանը տրվել է և այդպես է պատասխանել»,- ասաց Բաթոյանը՝ հավելելով, որ Արթուր Հովհաննիսյանին մանդատը վայր դնելու առաջարկ չի արել: