ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Կատարի մայրաքաղաք Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչներին Իսրայելի հասցրած հարվածն «արաբական պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության աղաղակող խախտում» է անվանել:
Լևոն XIV պապը Կատարում Իսրայելի կողմից կատարված հարվածներից հետո ստեղծված իրավիճակն անվանել է «շատ լուրջ»: «Մենք չգիտենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Պետք է աղոթենք և ձգտենք խաղաղության»,- ասել է նա իտալական RAI հեռուստաընկերության լրագրողներին:
Իսրայելական հարվածները խիստ քննադատել են արաբական երկրներն ու Թուրքիան: Անկարայի խոսքով՝ հարձակումը ցույց է տալիս, որ Իսրայելը «էքսպանսիոնիզմն ու ահաբեկչությունը» դարձրել է իր պետական քաղաքականությունը։
Հորդանանն Իսրայելի հարվածը անվանել է «վախկոտ ագրեսիա»։ Սաուդյան Արաբիան հարձակումը համարել է Կատարի ինքնիշխանության կոպիտ խախտում և մատնանշել տարածաշրջանի համար հնարավոր «լուրջ հետևանքները»։ Էր-Ռիադը լիակատար համերաշխություն է հայտնել Կատարին և խոստացել է օգտագործել բոլոր միջոցները՝ նրա անվտանգությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Կատարին «լիակատար համերաշխություն» են հայտնել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Իրաքը, Օմանը և Քուվեյթը։
Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումը խախտում է միջազգային իրավունքը և Կատարի տարածքային ամբողջականությունը։ «Պետք է խուսափել Գազայում պատերազմի ցանկացած սրացումից. դա ոչ մեկի շահերից չի բխում»,- ընդգծված է հանձնաժողովի հայտարարության մեջ։
Վաշինգտոնը ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարվածը որակել է որպես «անհաջող միջադեպ»։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակումից հետո խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և «շատ հստակ արտահայտել է իր մտքերն ու մտահոգությունները», Կատարի էմիրին էլ վստահեցրել, որ «դա այլևս չի կրկնվի»։
Կատարը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է Իսրայելի վախկոտ հարձակումը մայրաքաղաք Դոհայում բնակելի շենքերի վրա, որտեղ բնակվում էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի մի քանի անդամ»։ «Այս հանցավոր հարձակումը բոլոր միջազգային օրենքների և նորմերի կոպիտ խախտում է և լուրջ սպառնալիք է ներկայացնում կատարցիների և Կատարի բնակիչների անվտանգության համար»,- գրել է Դոհայում արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը X-ում։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը նշել է, որ Դոհային հասցված հարվածն ուղղված էր ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան առաջնորդներին, որոնք ծրագրել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումն Իսրայելի վրա: Նա ընդգծել է, որ ահաբեկիչները թաքնվելու տեղ չունեն, Իսրայելը շարունակելու է հետապնդել նրանց ամենուրեք:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 10-ին արտակարգ նիստ կանցկացնի՝ ի պատասխան Իսրայելի կողմից Կատարում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա հարվածների, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։