ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ իր վարչակազմը պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ մաքսատուրքերի սահմանման երկրորդ փուլին՝ Ուկրաինայում իրականացված ամենամեծ ավիահարվածից հետո։
Եվրոպացի առաջնորդները երկուշաբթի կամ երեքշաբթի կայցելեն ԱՄՆ՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցումը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ չմանրամասնելով, թե հատկապես որ պետությունների ղեկավարներն են այցելելու: Հայտնի է միայն, որ սեպտեմբերի 8-ին և 9-ին նախատեսված հանդիպմանը չի մասնակցի Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:
Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ «շուտով» խոսելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վստահեցրել է, որ իր վարչակազմը պատրաստ է անցնելու Մոսկվայի դեմ պատժամիջոցների «երկրորդ փուլին»:
Կիրակի ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցելու եվրոպական երկրների հետ՝ ռուսական նավթ գնող երկրների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու համար՝ «ռուսական տնտեսությունը փլուզելու» նպատակով։
Euronews-ը նշել է, որ ԵՄ-ն արդեն կրճատել է ռուսական նավթի և գազի գնումները 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո։ Հունիսին Բրյուսելը 2027 թվականը սահմանել էր որպես վերջնաժամկետ՝ ռուսական էներգակիրների մնացած բոլոր գնումները դադարեցնելու համար։