ԱՄՆ պաշտպանության նախարարության վերանվանումը պատերազմի նախարարության պետք է աշխարհին ազդանշան լինի Վաշինգտոնի ուժի մասին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած իր ելույթի ժամանակ: Պետության ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ը քսան տարով առաջ է մյուս երկրներից բանակի համալրման հարցում:
Politico-ն գրել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության վերանվանումը պատերազմի նախարարության կարող է Վաշինգտոնին միլիարդավոր դոլարներ արժենալ՝ չնայած փոփոխությունները կլինեն զուտ «կոսմետիկ»:
Պարբերականի տվյալներով՝ պաշտոնյաները ստիպված կլինեն փոխել Պենտագոնի խորհրդանիշները գերատեսչության ավելի քան 700 հազար օբյեկտի վրա՝ 40 երկրում և ԱՄՆ բոլոր 50 նահանգում: Նշվում է, որ գերատեսչության պաշտոնական վերանվանումը, հավանաբար, կպահանջի Կոնգրեսի կողմից համապատասխան օրենքի ընդունում։ Ըստ Politico-ի աղբյուրի՝ Սպիտակ տունը նախաձեռնությունն իրականացնելու համար օրենսդիր մարմինը շրջանցող եղանակներ է փնտրում։