Արթիկ համայնքում լայնածավալ աշխատանքներ են ընթանում` երկար տարիներ խմելու ջրի սակավություն ունեցող Մեծ Մանթաշ, Արևշատ, Փոքր Մանթաշ, Լեռնակերտ և Պեմզաշեն գյուղերին խմելու ջուր մատակարարելու համար։ Ինչպես տեղեկացնում են Արթիկի համայնքապետարանից, համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է Լեռնակերտ և Պեմզաշեն գյուղերի ընդհանուր օգտագործման ջրագծերի բարձր լեռնային հատվածի հիմնանորոգման աշխատանքների շինհրապարակ։

Համայնքի ղեկավարը զրուցել է շինարարի հետ, ծանոթացել ծրագրի տեխնինական առանձնահատկություններին, կատարել նկատառումներ։

2024 թվականի սուբվենցիոն ծրագրով` «Արթիկ համայնքի թվով 5 բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ», նախատեսված է հին և մաշված ստորգետնյա խողովակների փոխարինում, դիտահորերի և օժանդակ դետալների նորերով փոխարինում։

Կարևորելով նշված սուբվենցիոն ծրագիրը` համայնքի ղեկավարը նշել է, որ ստորգետնյա ջրատարը խմելու ջուր կհասցնի գյուղերի բնակիչներին` լուծելով հատկապես ամռան ամիսներին խմելու ջրի խիստ սակավություն ունեցող գյուղերի կանոնավոր ջրամատակարարման խնդիրը։