Ինչու չի կատարվում Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումը, որով Հայաստանի կառավարությանը պարտավորեցվում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրությունից: Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդարադատության նախարարը պարզաբանել է, որ ըստ Նյու Յորքի կոնվենցիայի՝ պետությունն իրավունք ունի ինքնակամ չկատարել արբիտրաժի որոշումը, և եթե հայցվոր կողմը ցանկանում է պարտադրել որոշման կատարումը, ապա պետք է ներպետական կարգով դիմի Հայաստանի դատական համակարգին ու ստանա կատարումը պարտադրող որոշում: Հակառակ պարագայում, Սրբուհի Գալյանի մեկնաբանությամբ, պետությունը կարող է չկատարել միջազգային արբիտրաժի որոշումը:
«Որևէ վերպետական մարմին կամ միջազգային ատյան չի կարող պարտադրել պետությանը կատարել որևէ բան, այն էլ այնպիսի բան, որը պոտենցիալ ունի հակասելու տվյալ երկրի հանրային կարգին։
Այն կարգավորումները, որոնք միջազգային տիրույթում կան, հենց նրա մասին են, որ պետություններին ապահովագրեն նմանատիպ երևույթներից, այսինքն, ասում են՝ այո՛, պետություն, սովորական պայմաններում դու պետք է կատարես համապատասխան որոշումները արբիտրաժային, բայց մենք ձեզ համար նախատեսում ենք նաև հնարավորություն չկատարելու, եթե դու քո ներպետական մակարդակում կորոշես, որ այդ որոշումը հակասում է քո ներքին հանրային իրավական կարգին»,- ասել է Սրբուհի Գալյանը: