Կալիֆոռնիայի Հյուսիսային տարածքի դաշնային շրջանային դատարանն անօրինական է համարել ԱՄՆ վարչակազմի որոշումը՝ ազգային գվարդիայի ստորաբաժանումներ և ծովային հետևակայիններ մտցնել Լոս Անջելես՝ հակամիգրանտային խուզարկությունների դեմ բողոքի ցույցերի ֆոնին: Այդ մասին սեպտեմբերի 2-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը։ Դատավոր Չառլզ Բրեյերը համարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը խախտել են 1878 թվականին ընդունված օրենքը, որն արգելում է երկրի ներսում բանակի ներգրավումը ոստիկանության և իրավապահ մարմինների առաջադրանքների համար՝ առանձին բացառություններով:
Դատարանն արգելել է զորքերի օգտագործումը Կալիֆոռնիայում ձերբակալությունների, կալանքների, խուզարկությունների, պարեկային ծառայության և փողոցների փակման համար: Սակայն որոշման ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 12-ը՝ Թրամփի վարչակազմին ժամանակ տրամադրելու բողոքարկման համար: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Վաշինգտոնն արդեն պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը՝ այն համարելով նախագահի սահմանադրական լիազորությունների սահմանափակում:
CNN-ը նշել է, որ առայժմ դատարանի որոշումը վերաբերում է միայն Կալիֆոռնիային: «Լոս Անջելեսը Միացյալ Նահանգների առաջին քաղաքն էր, որտեղ նախագահ Թրամփը և նախարար Հեգսեթը զորքեր ուղարկեցին, բայց՝ վերջինը չէր»,- գրել է դատավոր Բրեյերը։
Հունիսին Լոս Անջելեսում զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության իրականացրած խուզարկություններից հետո, որոնց ժամանակ՝ մեկ շաբաթվա ընթացքում, ավելի քան 100 ներգաղթյալ է ձերբակալվել։ Դրանից հետո Թրամփի վարչակազմը քաղաք է ուղարկել 4000 ազգային գվարդիական և 700 ծովային հետևակային։
Օգոստոսին էլ Դոնալդ Թրամփը Վաշինգտոն է ուղարկել ազգային գվարդիայի 800 զինվորականի և դաշնային վերահսկողության տակ վերցրել մայրաքաղաքի ոստիկանությունը՝ դա հիմնավորելով «հանցագործների կողմից գրավված» քաղաքում «կարգուկանոնը վերականգնելու» անհրաժեշտությամբ։
Բացի այդ, օգոստոսին Թրամփը սպառնացել էր զինվորականներ ուղարկել Չիկագո։ Իլինոյսի նահանգապետ, դեմոկրատ Ջեյ Պրիցկերի խոսքով՝ Թրամփն այդ կերպ փորձում է վախեցնել իր քաղաքական մրցակիցներին: Օգոստոսի 31-ին Պրիցկերը հրամանագիր է ստորագրել, որի նպատակն է հակազդել քաղաքում ԱՄՆ ազգային գվարդիայի մարտիկների հնարավոր տեղակայմանը։