Գործադիրն առաջարկում է պետական գույքի կառավարման համակարգային փոփոխություն: Պետական գույքի անհատույց տրամադրումից անցում է կատարվում պետական մարմիններին և կազմակերպություններին վարձակալական հիմունքներով պետական գույքի կառավարման համակարգին: Բոլոր պետական մարմիններին ու կազմակերպություններին, ՊՈԱԿ-ներին, հիմնադրամներին, ՓԲԸ-ներին և այլ առևտրային կազմակերպություններին պետական գույքը տրվելու է ոչ թե անվճար, այլ՝ վարձակալական հիմունքներով:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում և կից մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը:
Օրենքի ընդունման դեպքում ցանկացած պետական մարմին յուրաքանչյուր տարի պետք է բյուջետային հայտ ներկայացնի և իր զբաղեցրած գույքի վարձավճարին համապատասխան վարձավճար փոխանցի բյուջետային մեկ այլ տողի: Առնակ Ավետիսյանի խոսքով այս բարեփոխումն ապահովելու է բյուջետային ծախսերի թափանցիկություն և պետական գույքի կառավարման արդյունավետության էական բարձրացում: Այս մոդելը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը պարզաբանմամբ ժամկետ է սահմանվել մինչև 2027 թ. ավարտը, ըստ որի՝ պետական բոլոր մարմինները և կազմակերպությունները պետք է վերադարձնեն իրենց անհատույց իրավունքով տրված գույքերը՝ հետագայում վարձակալական պայմանագրի տեսքով վերակնքելու պայմանով: Ըստ զեկուցողի՝ այս գործընթացի արդյունքում պետական գույքի ամբողջ բազան կրկին կգույքագրվի: «Այստեղ գնագոյացումն է նաև կարևոր հանգամանք, ինչպե՞ս է հաշվարկվելու վարձակալությունը: Մենք կողմ ենք, որ դա շուկայական պայմաններով հաշվարկվի, այսինքն՝ տարբերություն չլինի պետական մարմնի՞ն ենք տալիս վարձակալության, թե մասնավորին, որ ծախսերի իրական մակարդակը նաև երևա: Քանի որ դա հսկայածավալ գնահատման աշխատանքի, միջոցների և ժամանակի ծախս էր ենթադրում, առաջին փուլում Կառավարությունը որոշել է, որ վարձավճարը հաշվարկվի՝ հիմք ընդունելով շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի հիման վրա ինչ որ բանաձև: Համակարգը կներդվի, դրանից հետո աստիճանաբար տեսլականն այն է, որ անցում պետք է կատարենք շուկայական արժեքներին»,- նշել է Առնակ Ավետիսյանը:
Հարցի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների և լրացումների քննարկումը: