Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը: Ռուսաստանի նախագահը կրկնել է, թե ուկրաինական ճգնաժամի պատճառը Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումն էր և Կիևին ՆԱՏՕ ներգրավելու՝ Արևմուտքի ցանկությունը: «Բարձր ենք գնահատում Չինաստանի, Հնդկաստանի և մնացածի ջանքերը՝ նպաստելու ճգնաժամի կարգավորմանը։ Ալյասկայի գագաթնաժողովի համաձայնությունները ևս, հուսով եմ, միտված են դրան և խաղաղության ճանապարհ կբացեն»,- հավելել է Կրեմլի ղեկավարը։ Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ պատերազմի դադարեցման համար պետք է չեզոքացվեն իր նշած հիմնապատճառները, ինչպես նաև վերականգնվի անվտանգության ոլորտում արդար հավասարակշռությունը։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը քննարկել են Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը: Կրեմլի ղեկավարը շնորհակալություն է հայտնել այդ հարցում Անկարայի միջնորդական ջանքերի համար: Էրդողանն էլ վերահաստատել է բանակցությունները կրկին հյուրընկալելու պատրաստակամությունը, նաև հրավիրել Պուտինին Թուրքիա:
Ռուսաստանի նախագահը հանդիպել է նաև Հնդկաստանի վարչապետի հետ: Պուտինը գոհունակություն է հայտնել երկկողմ գործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ: Նարենդրա Մոդին էլ հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական հակամարտության կողմերը կառուցողական մոտեցում կդրսևորեն կարգավորման հարցում:
Հատկանշական է, որ ՇՀԿ գագաթնաժողովին ընդառաջ Մոդին զրուցել է Վոլոդիմիր Զելենսկու հետ: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ: Նա հավելել է, որ նույն ցանկությունը չի տեսնում Մոսկվայից:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: