Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Եվրոպական եռյակի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին հայտարարությանը: Նա ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին տեղեկացրել է միջուկային բանակցությունները վերսկսելու՝ Իրանի պատրաստակամության մասին՝ Արևմուտքի բարի կամքի առկայության դեպքում։
Արաղչին «վերահաստատել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել ազնիվ և հավասարակշռված դիվանագիտական բանակցությունները՝ պայմանով, որ մյուս կողմերը ցուցաբերեն լրջություն և բարի կամք և խուսափեն հաջողության հնարավորությունները խաթարող գործողություններից»,- հայտնում են Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները՝ հղում անելով իրանցի նախարարի նամակին։
Նա նաև հիշեցրել է, որ եվրաեռյակի երկրներն իրավական լիազորություններ չունեն «արագ արձագանքման մեխանիզմը» գործարկելու համար, և զգուշացրել է, որ Թեհրանը միջոցներ կձեռնարկի ի պատասխան այդ որոշման:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները նամակ են ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ «արագ արձագանքման մեխանիզմի» գործարկման մասին, որը թույլ է տալիս վերականգնել Իրանի դեմ 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (JCPOA) կասեցված պատժամիջոցները։