Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ղեկավարները մեկնել են Մոլդովա՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նրանց ընդունել է նախագահ Մայա Սանդուն: Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը և Դոնալդ Տուսկն աջակցություն են հայտնել Մոլդովայի անվտանգությանը, ինքնիշխանությանը և եվրաինտեգրման ձգտումներին:
«Այս այցը շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը փորձում է միջամտել Հանրապետությունում նախատեսված ընտրություններին», - հայտնել են Մոլդովայի նախագահի գրասենյակից։
Գերամանիայի կանցլերը խոստացել է անել հնարավորը, որ աշնանը մեկնարկեն Եվրամիությանը Քիշնևի անդամակցության բանակցությունները։ Այդ նպատակով Բեռլինը պատրաստ է փորձագետներ ուղարկել՝ նպաստելու երկրում բարեփոխումների անցկացմանը։ Մերցը նշել է, որ Մոլդովան ևս տառապում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից։ Էմանուել Մակրոնը ողջունել է եվրաինտեգրման ճանապարհին Քիշնևի անցկացրած բարեփոխումները, ինչպես նաև վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու երկկողմ ու բազմակողմ նախագծերը: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էլ շեշտել է՝ առանց անկախ և անվտանգ Մոլդովայի չի լինի անվտանգ Եվրամիություն։
ԵՄ-ն առաջիկա երկու տարում Մոլդովային կհատկացնի 1.9 միլիարդ եվրո՝ բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու համար: