ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի առաքելությունն ավարտած Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի գլխավոր խորհրդական: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կադրային փոփոխությունները պրոցեսի անբաժանելի մաս են: ԱՍՀ նախարարը նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան»,- նշեց Փաշինյանը և ավելացրեց՝ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահը նշանակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
«Նախկինում նախարարի պաշտոնից ազատված մարդիկ այլ աշխատանքի են անցնում այլ տեղերում: Դա ցանկացած դեպքում որոշակիորեն նաև էներգիան թարմացնելու գործընթաց է: Այդտեղ ոչ մի առանձնահատուկ և խնդրահարույց բան չեմ տեսնում»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ ԱՍՀ նախարար նարեկ Մկրտչյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
ՀՀ նախագահը նաև հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ Արսեն Թորոսյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Ավելի վաղ ԱԺ նախագահը Արսեն Թորոսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն էր ստորագրել:
Նախագահը հրամանագիր էր ստորագրել նաև Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: