Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ մենք բավականին վայրիվերումներից հետո, ոնց որ թե, գյուղատնտեսության ոլորտում թևակոխում ենք կայուն զարգացման փուլ: Այստեղ պետք է արձանագրեմ, որ թվերն ապացուցվում և հիմնավորվում են մեր արտահանման ծավալներով, որովհետև երբ մենք աճերի մասին խոսում ենք, ասում են՝ դե, թիվ է, ընդհանուր անվստահությունը կա, բայց կարծում եմ, որ մեր երկրում այն փաստը, որ մեր գյուղմթերքի արտահանման էական աճեր են գրանցվել, շատ խոսուն է: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով էկոնոմիկայի նախարարին ներկայացնել թվերը:
Գևորգ Պապոյանը տեղեկացրեց՝ 2025-ի հունվար-հուլիսին 103,260 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել: Նախորդ տարվա հունվար-հուլիսին արտահանվել էր 2838 տոննա:
«Ծաղիկի դեպքում երկու հիմնական արտահանման ձև կա. տոննայով արտահանվողն անցած տարի 533 տոննա է եղել, այս տարի՝ 1245 տոննա. ավելի քան 110 տոկոս աճ ունենք: Հատով՝ անցած տարի 49,1 մլն հատ ենք այդ ժամանակահատվածում արտահանել, այս տարի՝ 53,5 մլն: Հատով արտահանվողների պարագայում մոտ 10 տոկոս աճ ունենք»,- ասաց նախարարը:
2025-ի հունվար-հուլիսին ծիրանն արտահանվել է 44,208 տոննա՝ համեմատած նախորդ տարվա 33,400 տոննայի, կեռասը՝ 4317 տոննա այս տարի, 2270՝ անցած տարի: Դեղձը՝ 6295 տոննա այս տարի, 3941 տոննա՝ անցած տարի:
Փաշինյանը հավելեց՝ արդեն հրապարակվել են այս տարվա առաջին եռամսյակների գյուղատնտեսական ցուցանիշները, և արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալի առումով աճ է արձանագրվել:
Նախարարը հավելեց՝ գյուղատնտեսության դեպքում 7,3 տոկոս աճ է գրանցվել կիսամյակում, բուսաբուծության դեպքում՝ 13,4 տոկոսով, անասնաբուծության դեպքում՝ 3 տոկոսով, և սա նաև վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է: