Լոլիկն այն գյուղմթերքն է, որն ունի արդյունաբերական նշանակություն, և լոլիկի մածուկն այն ապրանքներից է, որը միջազգային շուկաներում բավականին մեծ պահանաջարկ ունի: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ակնհայտ է, որ մեր երկրում արտադրված լոլիկի մածուկը բավականին լավ որակի է, և մենք ոչ մի դերակատարում չունենք միջազգային շուկայում, որովհետև մեր արտադրողներն այնքան չեն արտադրում, որ միջազգային շուկայում որևէ ազդեցություն կամ ներկայություն տեսանելի լինի:
Ինչո՞ւ չեն արտադրում այդքան. որովհետև այդքան լոլիկ չի արտադրվում: Ինչո՞ւ այդքան լոլիկ չի արտադրվում. որովհետև լոլիկը Հայաստանում համարվում է ոչ այդքան եկամտաբեր: Համենայն դեպս, արդյունաբերական լոլիկը: Եթե սեղանի լոլիկը բավականին լավ ապրանք է համարվում, արդյունաբերական լոլիկն այդ առումով համարվում է ոչ եկամտաբեր: Ինչո՞ւ չի համարվում, որ եկամտաբեր է. որովհետև մեզ մոտ մշակման արդյունավետության հետ կապված խոր խնդիրներ կան: Այսինքն՝ ինչպես մեր շատ ոլորտներում, մեր երկրում՝ արտադրողականության և արդյունավետության հետ կապված, խոր խնդիրներ կան»,- ասաց նա:
Անդրադառնալով արդյունաբերական լոլիկի՝ այս տարվա արտադրական ծավալներին (ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ 2024-ին՝ 8800 տոննա է արտադրվել, 2025-ին՝ 15,200 տոննա), Փաշինյանը նկատեց՝ անսպասելի տեղեկատվություն է, որ արդյունաբերական լոլիկի այսքան մեծ ծավալի արտադրություն կա ՀՀ-ում:
«Կարծում եմ՝ իմաստ ունի, որ էկոնոմիկայի նախարարությունն աշխատի այս թեմայի վրա, թե մենք կարո՞ղ ենք արդյոք որևէ աջակցության ծրագիր անել, որպեսզի մի իքս պահի լոլիկի մթերումը ստիպված չլինենք սուբսիդավորել, այսինքն՝ գնային և արտադրական պրոցեսները լինեն այնքան արդունավետ, որ դա, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, շուկայական ապրանք լինի,- ասաց նա և հավելեց.- նախկինում մեր բոլոր քննարկումների ըմբռնումը եղել է այն, որ, դե, սեղանի լոլիկը ջերմոցներում և ոչ միայն ջերմոցներում մեզ համար բավարար նիշա է, եկեք ավելին չմտածենք, որովհետև և՛ մթերման կարողությունները, և՛ արտադրության կարողություններն այն չեն, բայց եթե մենք այս տարի ռեկորդային բերք ենք ստացել, հասկանանք՝ ի՞նչն է դրա պատճառը, գուցե նոր ընկալումներ են ձևավորվել, և լոլիկով պետք է ավելի լուրջ զբաղվել:
Համոզված չեմ, ուղղակի մեր ուշադրությունը հրավիրում եմ այս փաստի վրա»: