Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական այցն է կատարել Արագածոտնի մարզում կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներում։
Շինարարի, տեխնիկական հսկիչի և կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները և հանձնարարել շտկել արձանագրված փոքր թերությունները՝ պահպանելով որակի սահմանված նշաձողը։
Բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ քննարկվել է կահավորման, անհրաժեշտ բոլոր տեսակների գույքով համալրվածության և տեղակայման հարցերը։
Եղիազար Վարդանյանը շրջել է նաև Թալինի բժշկական կենտրոնի շինհրապարակում, որտեղ շենքի մաքրման և տարածքի բարեկարգման վերջին աշխատանքներն են կատարվում։ Եղիազար Վարդանյանը մի քանի շտկում կատարելու հանձնարարական է տվել շինարարին՝ կարևորելով ծրագրի ավարտին ընդառաջ կրկնակի պատասխանատվության և զգոնության ցուցաբերումը։
Երրորդ կանգառը Լուսակնում էր, որտեղ կառուցվում է 144 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի դպրոց։ Իրականացվում են ներքին հարդարման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի աշխատանքները։ Զուգահեռաբար ընթանում են գույքի տեղադրմանն ընդառաջ դասասենյակների մաքրման աշխատանքները։
Դպրոցն ունենալու է մարզադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապաստարան, մարզադահլիճ և ապահովված է լինելու անհրաժեշտ բոլոր հարմարություններով։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Լուսակնում զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց մտահոգող և բնակավայրին առնչվող խնդիրներով, պատասխանել հարցերին։ Նա նաև վստահեցրել է, որ շատ շուտով Լուսակնի երեխաները հնարավորություն կունենան հաճախելու նորակառույց դպրոց, որի շինարարությունը որակով ավարտին հասցնելու նպատակով ներգրավվել է շինարարական նոր ընկերություն։