Առաջարկվում է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերին տրամադրել 3,5 մլրդ դրամ: Սա լրացուցիչ տրամադրում է: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 21-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ընդհանուր թիվը այս տրամադրումով կկազմի արդեն 6,5 մլրդ դրամ, ծրագրից օգտվում է 30 հազար շահառու: Ընդհանուր՝ բանկերը վարկավորել են 83 մլրդ դրամ հիշյալ ծրագրի իրականացման համար: Մենք ծրագիրը սկսել ենք 2022 թվականի հունիսի 1-ից, և այս պահի դրությամբ ծրագիրը դադարեցվել է: Վերջին վարկավորումը տեղի է ունեցել 2025 թվականի հուլիսի 1-ին՝ ընդհանուր 83 մլրդ դրամ պորտֆելով»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց այն պայմանները, որ ծրագիրն ընդունեց:
«Առաջին հարթությունը կապված էր դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման հետ, և մենք այն ժամանակ աշխատանքային անունը դրել էինք բնակարանների ռենովացիայի ծրագիր: Մենք այս ծրագրով ուզում էինք ուղղորդել, որպեսզի քաղաքացիները վարկեր վերցնեն և մանավանդ մարզերում առանձնատները վերակառուցեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբեմն խորհրդային ժամանակներից մեր գյուղերում և բնակավայրերում առանձնատները անտրամաբանական մեծ չափերի էին կառուցվել, որպեսզի որոշակի փոփոխություններ անեն առանձին մուտքերով և հարմարեցնեն հյուրատնային բիզնեսին նման ցանկություն ունենալու դեպքում:
Երկրորդ ուղղությունը ընդհանրապես էներգաարդյուանվետություն ապահովելու համար էր, որովհետև էներգաարդյունավետություն ապահովելը նշանակում է փաստացի եկամուտ ապահովել ընտանիքին»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ երրորդ ուղղությունն այն է, որ այս բնակարարների նորոգման մեծ ծրագիրն իրականացնեն, արտագնա աշխատանքի մեկնող մեր բազմաթիվ հայրենակիցների համար բացվեն աշխատատեղեր:
Ամփոփելով ծրագիրը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փաստացի, ստացվում է, որ այս ծրագրերի շրջանակում 30 հազար շահառու վերանորոգել է իր բնակարանը:
«Բյուջեն՝ մոտավորապես 83 մլրդ դրամ: Դա նշանակում է, որ մենք 2022 թվականից ավելի քան 200 մլն դոլար ներդրում ենք իրականացնել, աջակցել ենք ՀՀ քաղաքացիներին և ապահովել էներգաարդյունավետություն»,- ասաց վարչապետը: