ԻԻՀ ցանկանում է բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել Հայաստանի հետ և հասցնել ստրատեգիական մակարդակի: Այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Հարգարժան պարոն վարչապետի հետ ունեցել ենք հիանալի քննարկումներ, և այսօր փաստաթղթերը ստորագրվեցին»,- ասաց ԻԻՀ նախագահը՝ նշելով, որ արդյունքում ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը, երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ մտքերի փոխանակումը գոյություն ունեցող վստահության մթնոլորտի հիման վրա:
Փեզեշքիանը նաև տեղեկացրեց, որ իրանական կողմն ունի մեծ կամք՝ զարգացնելու համագործակցության մակարդակը հատկապես տնտեսական ոլորտում:
«Երկու երկրները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, էլեկտրաէներգիայի, ինժեներատեխնիկական ծառայությունների, մշակույթի և բժշկության, նաև դեղագործության ոլորտներում հիանալի համագործակցություն ունեն:
Իրանը և Հայաստանը Պարսից ծոց-Սև ծով միջանքի ակտիվացման հարցում ունեն ընդհանուր շահեր, նաև տարանցիկ երկաթգծի ու ցամաքային, ծովային ճանապարհի զարգացման՝ օգտագործելով երկու երկրների պոտենցիալները»,- ասաց նա:
Իրանի նախագահը կարևորեց նաև սահմանային շուկաների, առևտրի զարգացումը և ընդհանուր տնտեսական ազատ գոտիների ստեղծումը: «Դրանք համարվում են մեր երկու երկրների համագործակցության ոլորտները, որոնց շուրջ մենք կառուցողական երկխոսություն ենք ունեցել»,- ասաց նա:
Քննարկվել է նաև սահմանների անվտանգության հարցը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր: