Եվրամիության ռազմականացման համատեքստում Մոսկվան պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի՝ հայտարարել է Դաշնության արտգործնախարարը: Միևնույն ժամանակ, Սերգեյ Լավրովը հավատացրել է՝ Ռուսաստանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի։
Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ըստ դիվանագետի՝ ԱՄՆ-ն ոչ միայն աջակցում է Ուկրաինային, այլև անմիջականորեն մասնակցում է ուկրաինական զինված ուժերի հարվածների ուղղորդմանը, ինչի հետևանքով Ռուսաստանի տարածքում թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներ։ «Ամերիկացիները Եվրամիության ֆինանսավորմամբ զենք են մատակարարում Ուկրաինային, տրամադրում են հետախուզական տվյալներ»,- ընդգծել է Լավրովը։ Նա հավելել է, որ հուլիսի 23-ին Ֆիլիպիններում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ «Ինչ վերաբերում է նախագահ Թրամփի կանխատեսմանը, թե կարգավորումը մոտենում է, ապա այդ մասին վաղը կհարցնեմ Մարկո Ռուբիոյին»,- մանրամասնել է Լավրովը։
ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է ռուս գործընկերոջ հետ նախատեսված հանդիպումը, հայտնել, որ օրակարգային թեմաներից մեկը լինելու է Ուկրաինան։ «Ակնհայտ է, որ պատերազմը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծել, որոնք սահմանափակում են ԱՄՆ-Ռուսաստան գործակցությունը: Միջուկային տերությունները պետք է երկխոսեն»,- ասել է Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ ցանկանում են, որ ուկրաինական ճգնաժամն ավարտվի, և Վաշինգտոնն այդ գործընթացում կառուցողական դեր խաղա։
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: