Իմ այսօրվա ուղերձի առանցքային ասելիքն այն է, որ խաղաղությունը եկել է, դա արժանապատիվ, պետականակենտրոն, մարդակենտրոն, տարածաշրջանակենտրոն խաղաղություն է, և ես առավել քան ոգևորված եմ այդ փաստից։ Այդ մասին իր ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումը և հրապարակումը, վաշինգտոնյան գագաթնաժողովը, նրա արդյունքները, ընդունված Հռչակագիրը, դրա արդյունքում հաստատված խաղաղությունը բազում շերտեր ունեն, որոնք մի ուղերձում հնարավոր չէ պարզաբանել։ Օգոստոսի 8-ին և 9-ին հենց Վաշինգտոնից, Վաշինգտոնում ծավալուն հարցազրույց եմ տվել, ապա՝ ասուլիսի ժանրում պատասխանել եմ հայաստանյան լրատվամիջոցների հարցերին, բայց դրանով ակնհայտորեն ասելիքը չի պարպվել, որովհետև, ինչպես ասացի, խաղաղության իրողությունը դանդաղ է ընկալվում, առաջ է բերում նոր դիտանկյուններ, նոր նրբություններ, նոր և հին հարցեր, որոնց, համոզված եղեք, առաջիկայում մանրակրկիտ անդրադառնալու որևէ առիթ բաց չեմ թողնի, ինքս կստեղծեմ այդ առիթները։
Մեր պետության 34-ամյա պատմության մեջ բոլոր արտաքին քաղաքական, դիվանագիտական հանգրվանները մենք սովորաբար դիտարկել ենք հաղթանակ-պարտություն հարթության և բանաձևերի ներքո։ Ամեն անգամ որևէ դիվանագիտական, արտաքին քաղաքական հարաբերություն հասկանալու մեր փորձերի մեջ ձգտել ենք գնահատել՝ դա հաղթանա՞կ է, թե՞ պարտություն։
Սիրելի ժողովուրդ, պիտի համարձակվեմ ասել, որ սա իրականության սխալ ըմբռնում է, որովհետև եթե դու գտնվում ես հաղթանակի ու պարտության ընտրության միջև, այսինքն՝ քո ընտրությունը կա՛մ հաղթանակն է, կա՛մ պարտությունը, քո պարտությունն անխուսափելի է, քանզի դու կարող ես հաղթել մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, թեկուզ հինգ կամ տասն անգամ, բայց, ի վերջո՝ քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ։
Այլ բան է փոխհամաձայնության բանաձևը, որը հաջողություն է խոստանում համաձայնվող բոլոր կողմերին։ Վաշինգտոնյան համաձայնությունները, ըստ այդմ՝ հաջողություն են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ ԱՄՆ-ի համար։ Սա փոխհամաձայնության և փոխշահավետության խաղաղություն է, և այս բանաձևը հուսալի, կայուն և տևական է դարձնում խաղաղությունը։
Հուսալի, կայուն և հարատև է դարձնում մեր պետությունը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, իրատեսական է դարձնում մեր բարեկեցությունն ու երջանկությունը, որը մեր բոլոր ռազմավարությունների ռազմավարությունն է, բոլոր երազանքների երազանքը։
Այս խաղաղությունն Իրական Հայաստանի գաղափարախոսության տրիումֆն է, գաղափարախոսություն, որը մեր պատմության մեջ բացառիկ է նրանով, որ ոչ թե բանաձևվել է էլիտաների կողմից և պարտադրվել ժողովրդին, այլ բանաձևվել է ժողովրդի կողմից, ձևակերպվել է ժողովրդի ներկայացուցիչների կողմից և կյանքի է կոչվում ժողովրդով, բոլորով, ամենքով։
Իրական Հայաստանը խաղաղ տարածաշրջանում և իրական աշխարհում. սա մեր պետականության հարատևության բանաձևն է։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Խաղաղությունը հաստատված է, և մեր խնդիրն է հոգ և խնամք տանել նրա մասին և ժամանակի ընթացքում այն դարձնել ավելի ու ավելի ինստիտուցիոնալ։
Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կեցցե՛ անկախությունը, կեցցե՛ ինքնիշխանությունը, կեցցե՛ պետականությունը։
Եվ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: