Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ին հայտնել են, որ պատրաստ են վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը մինչև ամռան վերջ չհամաձայնի միջուկային համաձայնագրին, հաղորդում է The Financial Times-ը։
«Մենք հստակեցրել ենք, որ եթե Իրանը չցանկանա դիվանագիտական լուծման հասնել մինչև 2025 թվականի օգոստոսի վերջը կամ չօգտվի երկարաձգման հնարավորությունից, եվրաեռյակը պատրաստ է գործարկել նախկին պատժամիջոցների վերականգնման մեխանիզմը»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին ուղղված նամակում նշել են երեք երկրի արտաքին գործերի նախարարները։
Իրան-եվրաեռյակ բանակցությունների երկրորդ փուլը փոխարտգործնախարարների մակարդակով տեղի է ունեցել Ստամբուլում` հուլիսի վերջին։
Բանակցությունների ընթացքում Իրանի պատվիրակությունը պնդել է պատժամիջոցների դադարեցումն ու ուրանի հարստացման իր իրավունքի պահպանումը:
Պատժամիջոցների ժամկետը լրանում է հոկտեմբերին, սակայն եվրոպացիները, ինչպես սպասվում է, կբարձրացնեն դրանք երկարաձգելու հնարավորության հարցը, գրում է պարբերականը։
Նրանք ցանկանում են, որ Թեհրանը քայլեր ձեռնարկի Իրանի միջուկային օբյեկտներում ԱԷՄԳ-ի տեսուչների աշխատանքը վերսկսելու համար և բարձր հարստացված ուրանի պաշարները տեղափոխի այլ երկիր:
Իրանը նախկինում դադարեցրել էր ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը հունիսին իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներից հետո։ Թեհրանը քննադատել էր ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ հարձակումները չդատապարտելու համար՝ ենթադրելով, որ նա քաղաքական դրդապատճառներ ուներ։