Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 10-ին մասնակցել է Տեղ համայնքի օրվան նվիրված տոնակատարություններին։ Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Համայնքի օրը նշվում էր առաջին անգամ և սահմանվել է ավագանու՝ մարտին ընդունած որոշմամբ։
Տոնական օրը մեկնարկել է Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ ժամերգությամբ։
Այնուհետև տեղի են ունեցել հանդիսավոր միջոցառում, համերգային ծրագրեր, պարգևատրումներ, մշակութային ու սպորտային տարբեր իրադարձություններ։ Իսկ հրապարակում տեղակայված տաղավարներում ավանդական ազգային ուտեստներով հյուրասիրությունն էր՝ համայնքին բնորոշ համուհոտով։
Սյունիքի մարզպետը հյուրերի հետ շրջեց տաղավարից տաղավար, շնորհավորեց բնակիչներին։
«Նման միջոցառումներով համայնքի բնակիչներն իրենց միասնությունն են ցույց տալիս, ջերմ վերաբերմունքը միմյանց ու համայնքի նկատմամբ, իսկ հյուրերին՝ ներկայացնում սյունեցիների տրամադրությունը, - նշեց Ռոբերտ Ղուկասյանը։
Նշենք, որ երեկ Տեղի հավերժության պուրակում բացվեց նաև Անդրանիկ Զորավարի կիսանդրին։
Հիշեցնենք, որ Տեղ համայնքն իր մեջ ընդգրկում է յոթ գյուղ՝ Արավուս, Խոզնավար, Կոռնիձոր, Քարաշեն, Վաղատուր, Խնածախ ու Տեղ։