Սա պատմական և աննախադեպ իրադարձություն է։ Սպիտակ տանը տեղի ունեցավ մի քանի կարևորագույն իրադարձություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Այս մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Նախևառաջ ստորագրվեց հռչակագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի տակ իր ստորագրությունը դրեց նաև ԱՄՆ նախագահը։ Այս հռչակագրում կարևորագույն արձանագրումներ կան․ մասնավորապես, շատ է խոսվում տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, որտեղ, ըստ էության, մենք սևով սպիտակի վրա արձանագրեցինք այն սկզբունքները, որոնց մասին մենք 5 տարի է՝ խոսում ենք, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- ասաց Կոնջորյանը։
Կոնջորյանի խոսքով՝ արձանագրվեց, որ Հայաստանը և ԱՄՆ-ը միասին կաշխատեն «Թրամփի ուղի» հաղորդակցության նախագծի շրջանակները սահմանելու համար։
«Սա չափազանց կարևոր նախագիծ է, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը էապես մեծացնում է Հայաստանում ներդրումային գրավչությունը և տնտեսական զարգացման հեռանկարներ է բացում։
Կոնջորյանն անդրադարձավ նաև ԱՄՆ-ի հետ երկկողմ մակարդակում ստորագրված հուշագրերին։
«Սպիտակ տանը 3 մտադրությունների հուշագիր ստորագրեցինք։ Առաջինը «Խաղաղության խաչմերուկին» ԱՄՆ աջակցության և «Խաղաղության խաչմերուկում» ներդրումներ իրականացնելու պատրաստակամության, որովհետև Թրամփի ուղին, ըստ էության, «Խաղաղության խաչմերուկի» կարևորագույն բաղկացուցիչ է։ Սա նշանակում է, որ «Խաղաղության խաչմերուկի» կոնցեպտը դարձավ միջազգային կարևորագույն փաստաթուղթ ԱՄՆ նախագահի և վարչապետի կողմից՝ իր ստորագրությամբ, Սպիտակ տանը»։
Կանջորյանն ընդգծեց, որ սա աննախադեպ իրադարձություն է։
«Մենք ուշադիր ստորագրեցինք էներգետիկայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների ոլորտում մեր համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ։ Սա, ըստ էության, Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության նոր մակարդակի թևակոխում էր, և բնականաբար, սա մենք պիտի առարկայացնենք, և առաջիկայում արդեն կլինեն շատ կոնկրետ հանդիպումներ, շատ կոնկրետ այցեր Հայաստանի Հանրապետություն՝ Հայաստանի և Միացյալ նահանգների կառավարությունների միջև այս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- ասաց Կոնջորյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։